Ս.թ. դեկտեմբերի 20-ին Երևանում տեղի ունեցավ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) նախաձեռնած «Ճամպրուկ 2016» լրագրողական մրցույթի արդյունքների ամփոփումը և մրցանակների հանձնման արարողությունը: Մրցույթը կազմակերպվել էր ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի շրջանակներում:
«Ճամպրուկ 2016» լրագրողական մրցույթին մասկանցության հնարավորություն է ընձեռնվել ՀՀ բոլոր մարզերում և մայրաքաղաքում գործող ԶԼՄ-ների ներկայացուցիչներին և անկախ լրագրողներին, ում առաջարկվել է ներկայացնել միգրացիայի և սահմանների կառավարման, ապաստանի, ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի, վերաինտեգրման և առևտրի դյուրացման վերաբերյալ 2016 թ. ընթացքում հեռարձակված հեռուստա- և ռադիոհաղորդումները, տպագիր ու առցանց մամուլում տեղ գտած հրապարակումները: «Ճամպրուկ 2016» լրագրողական մրցույթի հիմնական նպատակն է Երևանում և Հայաստանի մարզերում միգրացիային և սահմանների կառավարմանն առնչվող խնդիրների վերհանումն ու լուսաբանումը, դրանց ազդեցությունը առօրյա կյանքի վրա, վերհանված խնդիրների վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացումը և լրագրողական աշխատանքի խրախուսումը: «Ճամպրուկ 2016» լրագրողական մրցույթը եզրափակեց ՄԻԲՄԱ ծրագրի կողմից իրականացված լրագրողների կարողությունների բարձրացմանն ուղղված միջոցառումները, որոնց ընթացքում տեղի ունեցան մի շարք ճանաչողական այցեր Գեղարքունիքի և Սյունիքի մարզեր և միգրացիոն հարցերի լուսաբանմանն ուղղված վերապատրաստման դասախոսություններ: «Ճամպրուկ 2016» լրագրողական մրցույթն անց է կացվում արդեն 7 տարի, սակայն առաջին անգամ է կազմակերպվում ՄՔՄՄԿ կողմից:
Մրցանակների հանձնման արարողությանը բացման խոսքով հանդես եկան ՄԻԲՄԱ ծրագրի ղեկավար Կարել Հոֆսթրան և ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ ԻրինաԴավթյանը:
Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի, Միգրացիոն պետական ծառայության, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների և 2 անկախ փորձագետներից կազմված ժյուրին մանրամասն ծանոթացել է ներկայացված աշխատանքներին: Ժյուրին ընտրություն է կայացրել՝ հիմք ընդունելով ոճային, կառուցվածքային և բովանդակային չափանիշները: Մրցույթը հայտարարվել էր երեք անվանակարգերում՝ տպագիր լրագրություն, հեռուստալրագրություն և ռադիոլրագրություն:
Տպագիր մամուլ
- Երանուհի Սողոյան, «Հետք», «Գյումրեցի տենոր Արտակ Կիրակոսյան»
- Նազելի Գրիգորյան, «Նյումագ», «Սեզոնային երջանկություն»
- Լուսինե Բադալյան, «Առավոտ» օրաթերթ, «Վերադարձած միգրանտներին բիզնեսի տեր են դարձնում, հմտություններ սովորեցնում, որ հայրենի հողում մնան»
Հեռուստամամուլ
- Քրիստինե Ոսկանյան, ԱՐ հեռուստաընկերություն, «Հայրենադարձություն»
- Սուսան Բադալյան, Հանրային հեռուստատեսություն, «Պատերազմի դեմքը»
- Տիգրան Հովակիմյան, Քյավառ հեռուստաընկերություն, «Խոպանը՝ կենսակերպ»
Ռադիոլրատվություն
- Արմինե Գևորգյան, Հանրային ռադիո, «Մեկ խնդիր՝ տարբեր ճակատագրեր»
- Ալիսա Գևորգյան, Հանրային ռադիո, «Գերմանիայի փոխարեն ընտրեց Գեղամա լեռները»
- Ռուզան Գիշյան, «Ազատություն» ռադիո, «Սիրիահայ. «Հա՛մ ուզում եմ մնամ, հա՛մ չմնամ»
Որպես մրցույթի գործընկեր կազմակերպություններ հանդես եկան ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցչությունը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը, «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ն, «Հայկական Կարիտաս» կազմակերպությունը և «Save the Children International» հայաստանյան ներկայացուցչությունը՝ շնորհելով իրենց մրցանակները լրագրողական լավագույն աշխատանքներին հետևյալ անվանակարգերում՝ «Միգրացիայի ազդեցությունը ընտանիքների և երեխաների վրա», «Հայրենադարձություն թեմայով լավագույն նյութ», «Ներգաղթած սիրիահայերի ինտեգրում. հայաստանյան իրականություն», «Դժվարություններ հաղթահարած վերադարձողի ինտեգրման հաջողված պատմություն» և «Տեղահանված երեխաների խնդիրների շուրջ լավագույն նյութ»: Հատուկ մրցանակներ ստացան Գայանե Միրզոյանը (chai-khana.org), Լիլիան Գալստյանը (www.panorama.org), Քրիստինե Ոսկանյանը (ԱՐ հեռուստաընկերություն), Հասմիկ Դիլանյանը (Հանրային ռադիո), Արմինե Ավետիսյանը (1in.am), Հասմիկ Հարությունյանը (Արմենպրես), Անուշ Խաչատրյանը (Հանրային հեռուստաընկերություն), Հրայր Թամրազյանը (Ազատություն ռադիոկայան):
Ընդհանուր առմամբ մրցույթին ներկայացվել է 95 նյութ, որից 54-ը ՝ տպագիր, 19-ը՝ հեռուստատեսային և 22-ը՝ ռադիո: