23-24 հոկտեմբերի, երեվան

Համատեքստ

Սահմանների համալիր կառավարման հարցերին նվիրված 1-ին միջազգային համաժողովը կազմակերպվեց ՄՔՄՄԿ կողմից անցյալ տարի Լիբանանում՝ ի մի բերելով բազմաթիվ երկրների, հաստատությունների և պետական մարմինների ներկայացուցիչներ: Համաժողովի հիմնական նպատակային ուղղություններն էին սահմանների համալիր կառավարումը (ՍՀԿ), առևտրի խթանումը, տեխնոլոգիական առաջընթացով պայմանավորված մարտահրավերները և սահմանի կառավարման ոլորտի մարմինների աշխատակիցների կրթությունն ու մասնագիտական զարգացումը: Մեկ տարի առաջ դրանք այն հիմնական թեմատիկ ոլորտներն էին, որոնք ձևավորում էին սահմանների կառավարման մոտեցումները գլոբալ մակարդակով: Մինչդեռ դրանք շարունակում են արդիական մնալ, սահմանների կառավարման համընդհանուր գործելակերպն անհրաժեշտ է համապատասխանեցնել սրընթաց փոփոխվող քաղաքական, տնտեսական և միջավայրային իրողություններին՝ հաշվի առնելով նաև մեր առօրյայի վրա ազդող բազմաթիվ այլ գործոնները: Սահմանների համապարփակ կառավարման գերնպատակն է ձևավորել մի հարթակ, որը կմիավորի սահմանապահ ծառայությունը և ոստիկանությունը, մաքսային ծառայությունը, անասնաբուժական և բուսասանիտարական ծառայությունները, ինչպես նաև պետական ու մասնավոր հատվածների այլ դերակատարների մի այնպիսի միջավայրում, որտեղ ապահովված է մարդկանց և ապրանքների անվտանգ և օրինական տեղաշարժը:

Սահմանների արդյունավետ կառավարումն անգնահատելի դեր է խաղում կեղծված ու արգելված ապրանքների շրջանառությունը կանխելու, կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի դեմ պայքարելու, ինչպես նաև ճամփորդների, միգրանտների և փախստականների անվտանգությունն ապահովելու գործում: Մաքսանենգության և մարդկանց թրաֆիքինգի բացահայտումն ու կանխարգելումը ոչ միայն նպաստում են օրենքի գերակայության ամրապնդմանը, այլ նաև առողջ պայմաններ են ստեղծում օրինական բիզնեսի համար ազգային շուկաներում և ապահովում համապատասխան հարկերի և տուրքերի հավաքագրումը:     

Օրինական առևտրի, շարժունակության և կայունության խթանման գրավականներից մեկը կառավարման համընդգրկուն համակարգն է: Ուստի անհրաժեշտ է մշակել համընդունելի մոտեցումներ, որոնք ապահովում են սահմանների կառավարման ոլորտում գործառույթներ կատարող պետական բոլոր մարմինների և գերատեսչությունների միասնական նպատակի և արդյունքների ձևավորումը: Դա ենթադրում է միասնական այնպիսի հարթակի ստեղծում, որտեղ կապահովվի կենտրոնական, տարածաշրջանային և տեղային մակարդակներում գործող ստորաբաժանումների համակարգված ու համաձայնեցված աշխատանքը և դրված խնդիրները հաջողությամբ կատարելու համար անհրաժեշտ բոլոր կարողությունների և ռեսուրսների առկայությունը:

Սահմանների կառավարման համակարգը մշտապես արդիականացվում է. բազմաթիվ գործընթացների թվայնացումն էապես արագացնում է սահմանի հատման ընթացակարգերի տևողությունը՝ դրանք միաժամանակ դարձնելով ավելի անվտանգ ու թափանցիկ:  Սահմանահատման սահուն և ավտոմատացված ընթացակարգերն արդեն իսկ իրականություն են դարձել աշխարհի շատ երկրների ցամաքային, օդային և ծովային անցման կետերում: Այդ նորամուծությունները էապես ազդել են սահմանային վերահսկողության և մաքսային հսկողության գործընթացների վրա: Դրական փոփոխությունները զուգորդվում են քաղաքացիների տեղաշարժի և միջազգային առևտրի ծավալների աննախադեպ աճով: Այսպիսով, սահմանների արդյունավետ կառավարումը հսկայական նշանակություն ունի ոչ միայն անվտանգության ամրապնդման, այլ նաև սոցիալական, մշակութային, համայնքային զարգացման և կրթական առումներով: Այն նպաստում է ծայրահեղականության նվազմանը, օրինական բիզնեսի զարգացմանը և գլոբալ շարժունակության ընդլայնմանը: Այնուամենայնիվ, որոշ տարածաշրջաններ մինչև այսօր էլ խնդիրներ ունեն սահմանի արդյունավետ կառավարման անգամ նվազագույն չափանիշներն ապահովելու հարցում: Դրա պատճառներից են ինչպես մարդկային, նյութական և ֆինանսական ռեսուրսների պակասը, այնպես էլ քաղաքական կամքի բացակայությունը, անկայուն և անկանխատեսելի ներքաղաքական իրավիճակը, պետական սահմանի չսահմանագծված ու չսահմանազատված հատվածների առկայությունը և զինված հակամարտությունները սահմանամերձ շրջաններում: Սահմանի կառավարման ոլորտի պաշտոնյաներին անհրաժեշտ է մասնագիտական հմտությունների շարունակական կատարելագործում, ինչն ապահովում է իրենց կողմից արդի մարտահրավերների հաղթահարումը առօրյա ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման շնորհիվ:

Սահմանների համալիր կառավարումն արդեն իսկ համաշխարհային տարածում վայելող հայեցակարգ է հանդիսանում: 2002թ.-ին Եվրոպական Հանձնաժողովի կողմից ընդունվելուց ի վեր, այն ներդրվել է բազմաթիվ եվրոպական և այլ երկրներում: Հայեցակարգի կենսագործումն ապահովող վերջին փաստաթուղթը՝ «ԵՄ-ում սահմանների համալիր կառավարման տեխնիկական և գործառնական ռազմավարությունը» հաստատվեց այս տարի, որի կատարման պատասխանատու նշանակվեց Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալությունը (FRONTEX): Հիմք ընդունելով «Սահմանների համալիր կառավարման ղեկավար ցուցումները Եվրոպական Հանձնաժողովի արտաքին համագործակցության մեջ» 2010թ. փաստաթուղթղը՝   ՍՀԿ հայեցակարգը ներդրվել է նաև ԵՄ սահմաններից դուրս:  Բնականաբար, մերօրյա աշխարհի մշտապես փոփոխվող ռազմաքաղաքական, տնտեսական և սոցիալական պայմաններում 10 տարի առաջ ընդունված փաստաթղթի որոշ դրույթներ կարող են կարցրած լինել իրենց հրատապությունն ու արդիականությունը, ուստի ժամանակն է վերանայել և վերաձևակերպել դրանք: Անհրաժեշտ է արդեն իսկ ձեռնարկել այդ գործընթացը, իսկ ՍՀԿ եվրոպական հայեցակարգի բազում տարրեր կարող են հետագայում էլ հիմք ծառայել ԵՄ արտաքին օժանդակության ընդլայնման համար: 

Սահմանների համալիր կառավարման հարցերին նվիրված 2-րդ միջազգային համաժողովն ուղղված է բոլոր վերոնշյալ խնդիրների համակողմանի քննարկմանը: Հաշվի առնելով սահմանի կառավարման ոլորտի մասնագետների առջև հայտնվող մարտահրավերների բազմազանությունը, համաժողովը կփորձի ուսումնասիրել, թե ինչպես սահմանների համալիր կառավարումից դեպի սահմանների համապարփակ կառավարումը կատարվող քայլը կարող է ապահովել սահմանի կառավարման ոլորտի մարմինների առջև հայտնվող արդի մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ մեխանիզմների մշակումն ու կիրառումը:

Մասնակիցները կունենան իրենց առօրյա աշխատանքի մանրամասներն ու ձեռքբերումները ներկայացնելու, տեսակետներով կիսվելու և ոլորտի հետագա զարգացմանը միտված քայլերը քննարկելու հնարավորություն` ի նպաստ աշխարհի առջև ծառացած սպառնալիքներին ու մարտահրավերներին դիմակայելուն:

Համաժողովի նպատակը

Համաժողովի հիմնական նպատակն է քննության առնել սահմանների կառավարման ոլորտում առկա մարտահրավերները և առաջարկել սահմանի կառավարման ոլորտի գերատեսչությունների աշխատանքը համակարգված և համալիր եղանակով կանոնակարգումն ապահովող մեխանիզմներ:   Համաժողովը կբաժանվի երեք հիմնական թեմատիկ ուղղությունների (հարթակների), որոնց շրջանակում և կծավալվել բաց և կառուցողական քննարկումները:

Համաժողովի ձևաչափը

Բացման արարողությանը կհաջորդի երեք ուղղություններով (հարթակներով) աշխատանքը: Նախատեսված են սուրճի և ճաշի ընդմիջումներ, պաշտոնական ընթրիք և ցուցահանդես:

Նշված երեք հարթակների շրջանակներում կքննարկվեն հետևյալ հարցերը.

  1. Սահմանների կառավարումը 2025թ.-ին. ի՞նչ փոխված կլինի 2015թ.-ից ի վեր: Ի՞նչ ազդեցություն կգործեն անվտանգության, առևտրի խթանման և միգրացիայի ոլորտներում տեղի ունեցող զարգացումները սահմանների կառավարման համակարգի վրա մոտակա տարիներին:   
  2. Սահուն ու աննկատ սահմանային վերահսկողություն և հիբրիդային սպառնալիքներ. իրական ապագա, թե՞ սովորական գովազդ:
  3. Միջազգային տեխնիկական օժանդակությունը սահմանի կառավարման ոլորտում (օրինակներ, ծրագրեր):

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook